Ստամբուլի քաղաքային խորհրդում ձայների մեծամասնության կողմից հավանության է արժանացել  «Քամփ Արմեն» անունով հայտնի մանկատան վերականգնման նախագիծը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ «Քամփ Արմենը» վերականգնվելու է եւ գործելու է որպես սոցիալ-մշակույթային կենտրոն։

Ստամբուլի քաղաքային խորհրդի անդամ Հուսեյն Սաղը նշել է, թե «Քամփ Արմենի» սոցիալ-մշակույթային գործունեությունից օգտվելու են, թե հայերը, թե մուսուլմանները։ «Ժամանակին այնտեղ Հրանտ Դինքն է մեծացել, որի համար էլ այն շատ կարեւոր տեղ է մեզ համար»-, ասել է Հուսեյն Սաղը։

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել էր քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել էր, այնուհետ շենքի հիմնական մասը վերադարձվել։

Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։