ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ Impact Hub-ը այս ամսվա սկզբին ազդարարել են Accelerate2030-ի՝ հանրօգուտ նախաձեռնությունների միջազգային մեծամասշտաբ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը:

Այս տարի յուրահատուկ այս ծրագրին կարող են դիմել զարգացող 17 երկրներ չորս մայրցամաքներից՝ Հայաստան, Բրազիլիա, Կամբոջա, Կոլումբիա, Գանա, Գվատեմալա, Մալազիա, Մալի, Մեքսիկա, Մյանմար, Ֆիլիպիններ, Ռուանդա, Հարավային Աֆրիկա, Թուրքիա, Ուկրաինա, Վենեսուելա, եւ Զիմբաբվե: Մասնակիցները պետք է ունենան հաջողված փորձ եւ նպաստեն Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելուն:

«Մենք փնտրում ենք այնպիսի նախաձեռնություններ, որոնք ունեն կայուն բիզնես մոդել եւ որոնք արժեք են ստեղծում իրենց համայնքների համար, եւ պատրաստ են ներկայանալ միջազգային շուկա»,- նշեց Սանտու Բոթիուսը՝ Accelerate2030-ի նախաձեռնողը եւ Ժնեւի Impact Hub-ի համահիմնադիրը: «Մեր իննամսյա աջակցության ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ստարտափերին ընդլայնել իրենց ազդեցությունը եւ գտնել ճիշտ գործընկերներ իրենց ընդլայնմանն ուղղված ծրագիրը ֆինանսավորելու գործում»:

Բացի ընդլայնվելուց, նախաձեռնությունները կմիանան մեկշաբաթյա ճամբարին (bootcamp) եւ կմասնակցեն 2017թ. հոկտեմբերին Ժնեւում կայանալիք ՄԱԶԾ-ի Սոցիալական նպատակների գագաթաժողովին (Social Good Summit), որտեղ նրանք կառաջարկեն իրենց լուծումները ԿԶՆ-երին հասնելու համար եւ կապ կհաստատեն կորպորատիվ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, սոցիալական ձեռներեցների եւ հանրօգուտ ներդրողների (impact investor) հետ:

«Ձեռներեցները Սոցիալական նպատակների գագաթաժողովի անքակտելի մաս են կազմում, քանի որ նրանք ներկայացնում են հստակ լուծումներ՝ ուղղված Կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Մենք հպարտ ենք Accelerate2030-ի եզրափակչի մասնակիցներին միավորելու ռազմավարական գործընկերների հետ եւ միասնական ուժերով ներկայացնելու իրենց լուծումները»,- նշեց ՄԱԶԾ Ժնեւի Սոցիալական նպատակների գագաթաժողովի ղեկավար Սարահ Բելը:

Անցած տարի Accelerate2030-ը հաջողությամբ  իրականացվել է 10 երկրներում՝ ստանալով 177 հայտադիմում, միաժամանակ իրազեկելով Օրակարգ2030-ում (Agenda2030) բիզնեսի ապագա (#futureofbuisness) դերի վերաբերյալ: Միջազգային եզրափակչի մասնակիցներից էր նաեւ Հայաստանի dasaran.am նախագիծը։

Accelerate2030-ը միջազգային եզրափակչի մասնակիցներինապահովել է մասնագիտական խորհրդատվությամբ եւ, ի թիվս այլ ձեռքբերումների, աջակցել է ներդրումներին 300,000-ից մինչեւ մեկ միլիոն շվեյցարական ֆրանկի տիրույթում: Այս տարի Accelerate2030-ը ծրագիրը ընդարձակվում է՝ ընդգրկելով 17 երկրներ: