ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել եւ քննվում են մեկ վարույթում:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային ձեւակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել են առեւտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ովքեր դրա դիմաց հիշյալ անձանցից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 4 քաղաքացիների եւ ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Երեւանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու պարբերաբար Բագրատաշենի մաքսակետով հանրապետություն են ներկրել մեծ քանակությամբ գյուղմթերք եւ դրա հետեւանքով չեն վճարել օրենքով սահմանված խոշոր չափերով` 7.341.312 ՀՀ դրամի հարկերն ու տուրքերը:
Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաեւ ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում` առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, որի հետեւանքով չի վճարվել նաեւ զգալի չափերով` 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ գյուղմթերքն առանց հայտարարագրման ներկրելու եւ օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով` Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի բնակիչներ Ա. Խ.-ի եւ Գ. Թ.-ի հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու եւ առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ ապահովելու համար, Ա. Խ.-ն ու Գ. Թ.-ն Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց, իսկ որոշ դեպքերում` նաեւ այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ, այնուհետեւ` ՀՀ տարածք տեղափոխելուց հետո, դրանք վերաբարձել են Հ. Ֆ.-ի եւ Ա. Ե.-ի բեռնատար ավտոմեքենան:
Հիշյալ անձանց անօրինական գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:
Մի շարք դեպքերում էլ, գյուղմթերքն առանց խոչընդոտների հանրապետություն ներկրելու համար, Բագրատաշենի բնակիչ Ա. Խ.-ն նախնական պայմանավորվածությամբ տարբեր չափերի կաշառքներ է տվել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողներին:
Բացի այդ, ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաեւ մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու եւ Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձեւակերպումների չենթարկելու համար: Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Ա. Վ.-ն, Կ. Ն.-ն, Դ. Ա.-ն եւ նույն բաժանմունքի հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վ. Մ.-ն խմբի կազմում` նախնական համաձայնությամբ, անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից եւ Լ. Ս.-ից կաշառքներ են ստացել` վերջիններիս թույլ տալով առանց մաքսային ձեւակերպումների եւ անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր:
Այսպիսով, խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար տեսուչ Ա. Վ.-ին, Դ. Ա.-ին եւ Վ. Մ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով, Կ. Ն.-ին` 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարկերից խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Հ. Ֆ.-ին եւ Ա. Ե.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ եւ 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակելու համար` Ա. Խ.-ին եւ Գ. Թ.-ին` 38-188-րդ եւ 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով:
Նախաքննությունը շարունակվում է:





























