ՀՀԿ-ական նորընտիր պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վստահեցնում է, որ գործադիր մարմնում պաշտոնի մասին չի մտածում:
«Երկար ժամանակ է՝ չեմ մտածում ու դժվար էլ մտածեմ»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Կոստանյանը:
Նորընտիր պատգամավորը պնդեց, որ իրեն բավականացնում է պատգամավորի գործունեությունը: Դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ արդարադատության նախարարի հավանական թեկնածուներից է, Կոստանյանը նշեց, որ նման բան չկա:
Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական է ներկայացրել անցած տարի ամռանը: Տարածված լուրերի համաձայն՝ նա հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով, սակայն ամիսներ անց նա հայտնվեց ՀՀԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում:





























