Նոյեմբերի 25-ին Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը Հալեպում ընդունել է Սիրիայի գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիրիայի գլխավոր Մուֆթին բարձր է գնահատել ԱԺ նախագահի այցը Սիրիա եւ նշել, որ Սիրիայի ժողովրդի համար հայերը քույրեր եւ եղբայրներ են: Նրա բնորոշմամբ` հայ ազգը ստեղծագործ ազգ է, եւ Սիրիայի հայ համայնքը իր  ներկայությամբ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի մյուս երկրները  նույնպես  Հայաստանի նման քայլեր կանեն պատերազմները կանխելու, կայունություն հաստատելու ուղղությամբ:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը անգնահատելի է համարել հայ ժողովրդի պատմության ողբերգական  պահին  արաբ ժողովրդի ցուցաբերած անգնահատելի աջակցության համար եւ նշել, որ սիրիահայ համայնքը բարեկամության ամուր կամուրջ է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: Սիրիայում ապաստան գտած հարյուր հազարավոր հայերը կառուցել են եկեղեցիներ, մշակութային օջախներ, դպրոցներ եւ իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի բազմազգ եւ բազմակրոն քաղաքակրթության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Սիրիան մշակույթների եւ կրոնների երկխոսության, կրոնական հանդուրժողականության լավագույն օրինակ է հանդիսանում: