Ժամանակավոր անաշխատունակ անձանց (հղիների) իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը, հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հաշվարկման կարգը բերել նախկին տեսքի: Նախաձեռնող խումբը մտադիր է դեկտեմբերի 9-ին ժամը 12:00-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա/պիկետ անկացնել՝ ընդդեմ 2010թ. դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի, որով կրճատվում են հղիներին վճարվող գումարները:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը:
«Հաշվի առնելով, որ 27.10.2010թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքն առաջացրել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունը,
Նկատի ունենալով վերոնշյալ օրենքի կարեւորությունը ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության եւ ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների իրականացման տեսանկյունից,
ունենալով Հայաստանում առկա անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի խորացման մտավախություն` պահանջում ենք վերանայել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հաշվարկման կարգը եւ այն համապատասխանեցնել նախկինում գործող` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգին:
Վիճարկվող` «Ժամանակավոր նաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով»:
Այս դրույթը ոտնահարում է ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված` մարդու եւ քաղաքացու մի շարք սոցիալական իրավունքներ եւ հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված մի շարք քաղաքականություններով սահմանված սկզբունքներին:
Մեր խորին համոզմամբ վիճարկվող օրենքի 22-րդ հոդվածով սահմանված դրույթը`
• վտանգում է Հայաստանի ժողովրդագրական աճը` վտանգելով ազգային անվտանգության հիմքերը Հայաստանում,
• հավակնելով պայքարել որոշ հղի կանանց կողմից կատարված խարդախությունների դեմ, պայքար է սկսում ոչ միայն խարդախ քաղաքացիների, այլեւ ԲՈԼՈՐ հղիների դեմ,
• խրախուսում է որակյալ կադրերի արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից,
• հակասում է աղքատության հաղթահարման եւ սոցիալական ապահովության իրավունքի ոլորտում պետության ստանձնած պարտավորությունների տրամաբանությանը,
• ոտնահարում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը,
• վտանգում է հայ մայրերի եւ նրանց մանուկների առողջությունը եւ ոտնահարում է երեխաների իրավունքները,
• հակասում է երիտասարդ ընտանիքների աջակցության ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը,
• խթանում է ստվերային տնտեսության ընդլայնումը:
Հաշվի առնելով վերոնշյալները` ՀՀ ազգային ժողովից պահանջում ենք «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված դրույթը անհապաղ փոփոխության ենթարկել եւ այն համապատասխանեցնել նախկինում գործող «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններին:
Օրեքի մեջ փոփոխություններ կատարելու պահանջով այսօր` դեկտեմբերի 6-ին, նամակ է ուղղվել ՀՀ վարչապետին` հավաքագրված ստորագրություններով»:



























