Թուրքական կառավարությունն ուզում է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ: Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը:

«Թուրքիան երբեք չի մերժի նրան, ով ուզում է ընկերաբար կարգավորել հարաբերությունները: Մենք ձգտում ենք խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման», - Անկարայում կայացած նախարարների խորհրդի նիստի արդյունքում ասել է Չիչեկը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Չիչեկի հայտարարությանը նախորդել է Իսրայելի անտառային հրդեհների դեմ պայքարում Թուրքիայի երկու ինքնաթիռների ներգրավվումը:

Օգնության համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիահուն հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետին:

Չիչեկը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի դեմ ոչինչ չունի, սակայն Անկարան դեմ է Իսրայելի սխալ քաղաքականությանը: