Հայաստանում 423 դպրոցներ` շուրջ 31 տոկոսը, սեյսմիկ առումով հանդիսանում են խոցելի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից:

Հիմնադրամը հանրապետության բոլոր մարզերի համայնքներում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ինչպես սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը եւ զարգացմանը, այնպես էլ համայնքների ինքնուրույնության բարձրացմանն ու կարողությունների հզորացմանը, ինչի արդյունքում իրատեսական կդառնա ժողովրդի կյանքում որակական փոփոխություններ իրականացնելու պետության տեսլականը: Մասնավորապես`

Մեր հանրապետությունում 423 դպրոցներ` շուրջ 31 տոկոս, սեյսմիկ առումով հանդիսանում են խոցելի: Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության կնքած վարկային համաձայնագրով նախատեսվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել` Երեւանում եւ մարզերում, 46 դպրոցների կառուցում կամ ամրացում, որոնցից քսանի ցանկը Կառավարությունը հաստատել է:

Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցները, ավելի քան 19 հազար աշակերտի համար, կհանդիսանան ոչ միայն միջազգային չափանիշներին համապատասխան կրթոջախներ, այլեւ բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայեն տվյալ տարածաշրջանի բնակչությանը: Շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են եւ իրականացվում են յոթ նորակառույց դպրոցներում:

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ սեյսմիկ վտանգների կառավարման ոլորտում հանրային իրազեկման բարձրացում: