Իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ոչ թե դատավարություն են իրականացնում, այլ հաշվեհարդար են տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մի երկրում որտեղ արդարադատության համակարգն ամբողջովին գործադիրից է կախված եւ դատավորները քաղաքական պատվեր են կատարում, բնականաբար, այդտեղ դատավարություն չի կարող լինել։ Միակ հնարավորությունը դատական գործունեություն իրականացնելու համար դա դատավորի անկախությունն է , իսկ Հայաստանում դատավորի անկախություն չկա, դա մեկ, եւ երկրորդ` դատավորների ճնշող մեծամասնությունը նշանակվել են իշխանությանը ծառայելու շրջանակում, եւ սա եւս ակնհայտորեն իր ազդեցությունն ունի: Այսինքն` երբ որ համակարգային խնդիրներ են առաջանում, ապա խոսել այդ համակարգում դատական արդարության մասին ճիշտ չէ: Տասնյակ տարիներ Հայաստանն այդ իրավիճակում է գտնվում եւ պետք է նշեմ, որ այն ինչ տեղի է ունենում այստեղ դա դատավարություն չենք կարող կոչել, առավելագույնը կարող ենք հաշվեհարդար կոչել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ նմանատիպ դատավարություններ մեր երկրում ունեցել ենք` արդեն վճռի մեջ մտած Շանթի եւ ընկերների գործով, Գեւորգ Սաֆարյանի տոնածառի դատավարությունը, որոնք բոլորն էլ հաշվեհարդարներ են եղել:
«Ժիրայր Սեֆիլյանը վտանգավոր է իշխանությունների համար, քանի որ առաջին անգամը չէ, որ իր եւ իր կողմանկիցների նկատմամբ տարատեսակ բռնաճնշումներ են լինում եւ ոչ միայն այս տեսքով, այլ նաեւ ազատության մեջ եւ փաստորեն իրենք ինչ-որ ձեւով իշխանությունների համար խնդիր են ներկայացնում»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատավճիռը կհրապարակի մարտի 20-ին:




























