Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որը վերջերս է դուրս եկել թուրքական բանտից, շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին իրեն ազատելու ջանքերի համար եւ դրա հետ մեկտեղ քննադատել նրանց Թուրքիայի նկատմամբ նրանց վարած քաղաքականության համար, փոխանցում է DW-ն։

«Ընդհանրապես, ես գտնում եմ, որ Անգելա Մերկելի կառավարությունը երկու անգամ դավաճանել է Թուրքիայում բոլոր առաջադեմ եւ ժողովրդավարական ուժերին»,-հայտարարել է Յուջելը Die Welt եւ Tageszeitung (taz) թերթերին տված հարցազրույցում։

Լրագրողը դավաճանություն է որակել գերմանական իշխանությունների դիրքորոշումը Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցում։ 2005 թվականին Մերկելի կառավարությունը «հստակ հասկացրեց, որ կարեւոր չի, թե ինչ եք անում՝ դեպի ԵՄ ուղին ձեզ համար փակ է։ Չէ՞ որ այն ժամանակ, Յուջերի խոսքով, կային նշաններ, որ Անկարան պատրաստ է գնալ եվրոպականացման ճանապարհով։

Երկրորդ դավաճանությունը նա համարում է Անգելա Մերկելի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2015 թվականին՝ փախստականների ճգնաժամի թեժ շրջանում եւ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Լրագրողի խոսքով, այն ժամանակ Գերմանիան ամենահավատարիմն էր Թուրքիային, չնայած ընդդիմության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների բանտարկություններին․ «Գերմանիայի կառավարության դիրքորոշումը փոխվեց միայն իմ ձերբակալությունից հետո»,-նշել է նա։

Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Դենիզ Յուչելը ձերբակալվել էր փետրվարի 14-ին Ստամբուլում: Թուրքիայի իշխանությունները նրան կասկածում էին ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, քարոզի տարածման եւ տեղեկատվության չարաշահման մեջ: Գերմանիան իր հերթին քննադատել էր Յուջելի ձերբակալությունը եւ առավելագույն  ջանքերն էր ներդրել նրա ազատ արձակման համար։