Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան։ Սեւաստոպոլ։ Ղրիմ» հանրահավաք-համերգին հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտված  է հաջողության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով, հաջողության հասնելու համար երկիրը պետք է ձեռնամուխ լինի լայնածավալ աշխատանքի։

«Շնորհակալություն, որ կա այսպիսի հզոր բազմամիլիոնանոց թիմ։ Մեզ հաջողությունն է սպասում։ Այո՛։ Շատ կարեւոր է այս միասնությունը պահպանելը»,-հայտարարել է Պուտինը։ Նա դիմել է միջոցառման մասնակիցներին․ «Մենք դատապարտված ենք հաջողության, այդպե՞ս է (հանդիսատեսը հաստատել է)։ Միասին ձեռնամուխ կլինենք մեծ, լայնամասշտաբ աշխատանքի հանուն Ռուսաստանի»,-ՌԴ նախագահի խոսքերն մեջբերում է ՄԿ-ն։

«Շնորհակալություն արդյունքների համար։ Դուք մեր ընդհանուր թիմն եք, ես այդ թիմի անդամը։ Նրանք, ովքեր այսօր քվեարկեցին, մեր մեծ բազմազգ թիմն են կազմում»,-ասել է նախագահը։ Նրա խոսքով, նախագահական ընտրությունների արդյունքները վերջին տարիներին արվածի ճանաչումն է, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նշենք, որ նախնական տվյալներով, Պուտինը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 70 տոկոսը։