Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզում էր: Այցի ընթացքում վարչապետը ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից:

Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունում վարչապետին տեղեկացրել է, որ 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի եւ ղաուրմայի արտադրությունը: Առայժմ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, բայց նախատեսում են քայլեր իրականացնել նաեւ արտահանման ուղղությամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է արտահանումը խթանելու նպատակով համագործակցել «Գործարար Հայաստան»  հիմնադրամի (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ:

Արտամեդ համայնքում էլ վարչապետը ծանոթացել է իրանահայ ներդրողների կողմից իրականացվող պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագրի ընթացքին: 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արտադրված պիստակն ամբողջությամբ նախատեսում են արտահանել տարբեր շուկաներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ներդրումային ծրագրի իրականացմանն ու արտահանման կազմակերպմանը:

Վարչապետը եղել է նաեւ Սարդարապատ համայնքում գործող Voskeni wines գինեգործական ընկերությունում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին: Ընկերությունն արտադրությունն իրականացնում է Գերմանիայից ներկրված ժամանակակից սարքավորումներով, իսկ խաղողի մթերման նպատակով պայմանագրեր է կնքում ոչ միայն Արմավիրի, այլեւ Վայոց ձորի խաղողագործների հետ: Ներկայում Voskeni wines-ն արտադրանքն իրացնում է Հայաստանում, Ռուսաստանում, Նիդեռլանդներում, սակայն քայլեր են իրականացվում՝ եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու համար: