Qantas ավիաընկերության Boeing 787-9 ինքնաթիռն առաջին ուղևորատար անվայրէջք չվերթն է իրականացրել Ավստրալիայից մինչեւ Մեծ Բրիտանիա՝ կիրակի օրը վայրէջք կատարելով լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

QF9 չվերթը մեկնարկել էր շաբաթ օրը Պերտ քաղաքից եւ կիրակի օրը առավոտյան ժամանել էր Լոնդոն՝ օդում անցկացնելով ավելի քան 17 ժամ: Ուղեւորության հեռավորությունը 14 498 կմ էր: Պատմական թռիչքին ավելի քան 200 ուղեւոր եւ անձնակազմի 16 անդամ է մասնակցել:

Ներկայումս աշխարհի ամենաերկար չվերթներն իրականացվում են Qatar Airways-ի կողմից: Ընկերության Boeing 777-200 ինքնաթիռները անցած տարվա փետրվարին  սկսել են թռչել Քաթարի մայրաքաղաք Դոհայից դեպի նորզելանդական Օքլենդ՝ հաղթահարելով 14535 կիլոմետր հեռավորությունը: