Գերմանիայի կառավարությունը Բեռլինի կենտրոնի սուրբծննդյան շուկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից 15 ամիս անց ողբերգության հետեւանքով զոհվածների հարազատների համար համակարգող խորհուրդ է ստեղծել, փոխանցում է DW-ն:
«Արդարադատության դաշնային նախարարությունում մշտական կոնտակտային կենտրոն է ստեղծվել նման հանցագործությունների համար, որոնք, հուսով եմ, այլեւս չեն կրկնվի»,- dpa-ին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Կուրտ Բեկը:
Բեռլինյան ահաբեկչության առաջին տարելիցի նախօրեին զոհերի հարազատներն ու տուժածները քննադատությամբ էին հանդես եկել դաշնային կառավարության եւ Գերմանիայի իշխանությունների հասցեին: Մասնավորապես, նրանք նշել էին, որ կցանկանային, որպեսզի Բեռլինն իրենց ուղղված խորհրդանշական ժեստով հանդես գար, օրինակ՝ «ցավակցական նամակով» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից:
Հիշեցնենք, որ Բեռլինի սուրբծննդյան շուկայում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին, որի հետեւանքով 12 մարդ էր զոհվել, մոտ 50 մարդ վիրավորվել էր:



























