Սթիվ Ջոբսի դուստրը՝ Լիզա Բրենան Ջոբսը, գրել եւ թողարկել է իր հայտնի հոր հետ հարաբերությունների մասին մեմուարներ, որոնցից Vanity Fair-ը հատված է հրապարակել: Պարզվել է, որ Apple-ի հայտնի հիմնադիրը այնքան էլ լավ հայր չի եղել:
Բրենան Ջոբսը գրում է, որ հայրն ուրախ չէր նրա լույս աշխարհ գալուն եւ անգամ հերքում էր հայրությունը, մինչեւ Սան Մաթեոյի շրջանային դատախազը չստիպեց հայրության որոշման թեստ անցնել եւ սկսել նպաստ վճարել նրա մորը՝ Քրիսան Բրենանին:
Լիզան գրում է, որ Ջոբսի իրավաբանները պնդում էին, որ երեխայի համար վճարներն ավարտվեին 1980-ի դեկտեմբերի 8-ին՝ Apple-ի հանրային առաջարկից 4 օր առաջ, որից հետո Ջոբսն անհավանական հարուստ մարդ դարձավ:
Լիզան նշում է, որ Սթիվ Ջոբսը երբեք շռայլ չէր գումարի կամ բառերի հարցում: Աղջիկը հիշում է, որ կարծում էր, թե հայրն ամեն անգամ փոխում էր իր Porsche-ն, երբ դրա վրա քերծվածք էր հայտնվում:
Մի անգամ նա խնդրեց իրեն տալ մեքենան, երբ հայրը որոշի ազատվել դրանից, ինչին Ջոբսն ասաց. «Դու ոչինչ չես ստանա: Հասկացար՞: Ոչինչ»:
Աղջիկը գրում է, որ պարբերաբար այցելում էր հորը, երբ նա քաղցկեղով հիվանդ էր, բայց ի վերջո հրաժարվեց «մեծ հաշտության հնարավորությունից»:




























