Չիլիում ավելի քան 100 մարդ թունավոր ախտանիշներով դիմել է բժշկական օգնության այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական մասում գտնվող Կինտերո եւ Պուչունկավի կոմունաները պատվել են թունավոր ամպով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BioBio ռադիոկայանը:
Տեղեկացվում է, որ արտակարգ էկոլոգիական իրավիճակի կապակցությամբ կոմունաների տարածքում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել:
«Ես այսօր քննարկել եմ իրավիճակը Կինթերոյի եւ Պուչունկավիի քաղաքապետերի հետ: Մենք թույլ չենք տա, որ թունավոր գազերի տարածումը շարունակվի, վնաս հասցնի մարդկանց առողջությանը: Երեկ մենք 120 հաղորդիչ ենք ուղարկել, որոնք թույլ կտան մեզ գնահատել, պատժել մեղավորներին եւ ավելի բարձր պահանջներ ներկայացնել»,- Twitter-ի իր էջին գրել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան:
Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ իշխանությունները սկսել են ուսումնասիրել կոմունաները պատած «դեղին ամպի» ծագումը:
Վալպարաիսո նահանգի ղեկավար Խորխե Մարտինեսի խոսքով՝ թունավորման ախտանիշներով մարդիկ բուժօգնություն ստանալու համար սկսել են դիմել երեքշաթի օրը: Ընդհանուր առմամբ, այս պահին թունավորման ախտանիշերով 133 մարդ է հայտնաբերվել, որից 43-ը երեխաներ են: Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում դասերը հետաձգվել են:





























