ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նորածնի դին հայտնաբերվել էր 2018թ. փետրվարի 26-ին՝ Մեծամոր քաղաքի աղբանոցում:

Դիակի արտաքին զննությամբ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում հայտնաբերվել էին տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել փոքրիկի մահվան հանգամանքների վերաբերյալ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` նորածնի մայրը Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., ով խնամքին ունի 4 երեխա։ Նոր հղիությունը եւ երեխայի ծնունդը համարելով անցանկալի՝ կինը հղիության ընթացքում որեւէ բժշկական կենտրոնում «Կանանց Կոնսուլտացիա» չի ստացել, որեւէ հետազոտման, բուժօգնության չի դիմել եւ երեխային ծննդաբերել է տան պայմաններում:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, 37-ամյա կինը, Մեծամոր քաղաքում գտնվող իր բնակարանում լինելով մենակ, նկատել է ծննդաբերության նախանշաններ, մտել է լոգարան, որտեղ էլ կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի կենսունակ երեխա: Ծննդաբերելու ժամանակ նորածինը գլխի հատվածով ընկել է լոգարանի սալիկապատ հատակին եւ սկսել ճչալ, սակայն նրան որեւէ օգնություն չի ցուցաբերվել։ Երբ փոքրիկը դադարել է լացել, մայրը նորածնի մարմինը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, իսկ առավոտյան` ժամը 06:30-ի սահմաններում, այն տեղափոխել է շենքի բակում գտնվող աղբարկղի մեջ:

Նորածնի դին 2018թ փետրվարի 26-ին հայտնաբերվել է «Մեծամորի Բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 036 եզրակացության համաձայն՝ արական սեռի նորածնի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետեւանքով, որն էլ պայմանավորված է եղել գանգուղեղային փակ, բութ վնասվածքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեծամորի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանություն):

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: