ԱՄՆ-ի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թայլեր Հոուլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմաններին մոտեցող «միգրանտների քարավանում» հայտնաբերվել են քրեական ավազակախմբերի ներկայացուցիչներ եւ «նշանակալի» քրեական պատմությամբ անձինք: Այս մասին նշվում է Հոուլթոնի թվիթերում, հաղորդում է Gazeta-ն:
«Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ քարավանում կան մարդիկ, որոնք ավազակախմբերի անդամներ են կամ նշանակալի քրեական պատմություն ունեն», — ասվում է գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունում:
Այդ պատճառով Հոուլթոնը շեշտել է, որ ավելի քան 7 հազար անձանցից բաղկացած քարավանը կանգնեցնելու խնդիրը ազգային անվտանգության հարց է:
Գերատեսչության ներկայացուցիչը նաեւ ԱՄՆ ժամանել ցանկացողներին կոչ է արել «ճիշտ եւ օրինական» կերպով այդ անել:




























