Նորվեգիայի տարածքում այսօր մեկնարկում են «Միացյալ եռաժանի» պայմանական անվանումով վերջին 16 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ամենազանգվածային զորավարժությունները: Հատկանշական է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների զինվորականները ոչ միայն պաշտպանական, այլեւ հարձակողական բնույթի առաջադրանքներ կմշակեն, հաղորդում է RG-ն:

Մանեւրների ակտիվ փուլը կտեւի մինչեւ նոյեմբերի 7-ը: Դրանց մասնակցելու են ավելի քան 50 հազար զինվորականներ, շուրջ 10 հազար ցամաքային տեխնիկա, 250 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 60 նավ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով «Միացյալ եռաժանի» զորավարժությունները սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշորն են: Դրանք կոչված են ցուցադրել ՆԱՏՕ-ի հնարավրությունները: 

Մարզումներին ներգրավվել են ոչ միայն դաշինքի 29 անդամ երկրների զինվորականները, այլեւ Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Ուկրաինայի զինված ուժերը: 
«Վերջին տարիներին Եվրոպայում անվտնագության ոլորտում իրավիճակը բարդացել է: ՆԱՏՕ-ն պատասխանում է», - ասել է Ստոլտենբերգը: Նա ընդգծել է, որ ռազմաքաղաքական դաշինքը պատրաստ է ՆԱՏՕ-ի երկրներին պաշտպանել ցանկացած սպառնալիքից:

Զորավարժությունները, ինչպես պարզաբանել է գլխավոր քարտուղարը, հասկանալի ազդակ են, որն ուղղված է ցանկացած հնարավոր հակառակորդին: 
«ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում: Բայց մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցներին: Ցանկացած սպառնալիքից», - եզրափակել է նա:
Զորավարժությունները տեղի կունենա Հյուսիսային Ատլանտիկայում, Բալթիկ ծովի ջրերում, Իսլանդիայի տարածքում: Բացի այդ, ՆԱՏՕ-ի ավիացիան թռիչքներ կիրականացնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի օդային տարածքում:

Զորավարժություններում ներգրավված է նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ատոմային ավիակիր Harry S. Truman-ը՝ մոտ 5000 մարդուց բաղկացած անձնակազմով:

«Միացյալ եռաժանի» զորավարժությունների հրամանատար, ԱՄՆ-ի ՌԾՈՒ ծովակալ Ջեյմ Ֆոգոն ասել է, որ մանեւրները կոչված են հնարավոր հակառակորդին ցույց տալ, որ ռազմաքաղաքական դաշինքի անդամ երկրների նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում ՆԱՏՕ-ն պարտաստ է ցանկացած պետությանը զսպել: