«Էդմոնդ Բելամիի դիմանկարը» կոչվող նկարը, որը ստեղծել է արհեստական ինտելեկտը, հինգշաբթի Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է 432,5 հազար դոլարով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նկարի ստեղծմամբ զբաղվել է Ֆրանսիայից երեք 25-ամյա ուսանողների Obvious կոչվող խումբը: Նրանք ալգորիթմ են մշակել, որի միջոցով համակարգիչը կարող է հայտնի գեղանկարիչների կտավների հիման վրա օրիգինալ նկար ստեղծել:
«Մենք Christie's-ին շնորհակալ ենք արվեստի գործիչների հետ երկխոսություն սկսելու հնարավորության ընձեռման համար»,- նշված է Obvious-ի հայտարարության մեջ:
Լոտի նախնական արժեքը գնահատված էր 7-10 հազար դոլար: Նկարի վրա պատկերված է սեւ կոստյումով տղամարդ: Նկարը արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի առաջին ստեղծագործությունն է, որն աճուրդի տունն իր 252-ամյա պատմության մեջ վաճառել է:




























