Ամերիկացի բազմամիլիոնատեր Ռոբերտ Դարսթը մտերիմ ընկերուհու՝ Սյուզան Բերմանի սպանության մեղադրանքով, որը սպանվել է 2000 թվականին Լոս Անջելեսի իր տանը, դատարանի առջեւ կկանգնի, գրում է AFP-ն:
Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավոր Մարկ Ունդհեմն ասել է, որ բավականաչափ ապացույցներ կան 75-ամյա բազմամիլիոնատիրոջը դատելու համար:
Դատախազները պնդում են, որ Դարսթը Բերմանին սպանել է 2000 թվականի դեկտեմբերին, որպեսզի կանխի ոստիկանության կողմից նրա հարցաքնությունը իր կնոջ՝ Քեթլինի անհետացման կապակցությամբ:
Բերնանի սպանության առնչությամբ Դարսթը 2015-ի մարտին Նոր Օռլեանի հյուրանոցում HBO «The Jinx: The life and Deaths of Robert Durst» 6 ժամանոց փաստագրական ֆիլմի վերջին դրվագից մի քանի ժամ առաջ կալանավորվել էր:
Սերիալը նվիրված էր իր կնոջ անհետացմանը, ինչպես նաեւ Բերմանի սպանությանը եւ 2001-ին Մորիս Բլեք հարեւանի մահվանը, որի մարմինը անդամատված էին գտել:
2003-ին Դարսթը դատարանի առջեւ հայտնվեց Բլեքի սպանության համար: Նա խոստովանել էր, որ վիճաբանության ժամանակ սպանել է նրան, քանի որ Բլեքը ատրճանակով սպառնում էր իրեն: Դարսթը խոստովանել է, որ երկու սղոց եւ կացին է օգտագործել Բլեքի մարմինն անդամատելու համար: Մորիսի գլուխը չէր գտնվել, հետեւաբար դատախազները չէին կարողացել բավականաչափ դատական ապացույցներ ներկայացնել պայքարի մասին Ռոբերտի ցուցմունքները վիճարկելու համար:
Դատական փորձաքննության բացակայության արդյունքում ատենակալները արդարացրել էին Դարսթին սպանության համար:
2004-ին նա իրեն մեղավոր ճանաչեց մեղադրանքի երկու կետերով՝ կեղծիքի եւ փաստաթղթերը կեղծելու մեջ: Մեղքը խոստովանելու գործարքի շրջանակում նա 5 տարվա ազատազրկում ստացավ, որը կալանքի ժամկետը հաշվի առնելով, կրճատվեց մինչեւ 3 տարի: Ռոբերտը պայմանական վաղաժամ ազատվել էր 2005 թվականին:




























