Սպիտակ տունը նախատեսում է միգրանտների, այսպես կոչված, քարավանի ժամանմանն ընդառաջ Մեքսիկայի սահման ուղարկել եւս 1000 զինվորի, հայտնում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմում աղբյուրներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նաեւ ԱՄՆ հարավային սահմանները փակել, որպեսզի միգրանտների մուտքը թույլ չտա եւ նրանց արգելի Միացյալ Նահանգներում ապաստան հայցել: Նա դա կարող է անել նախագահական հատուկ հրամանով, ինչպես նախկինում արգելել էր մի քանի մուսուլմանական պետությունների քաղաքացիների մուտքը երկիր: Սակայն այս հրամանը եւս կարող է դատարանում վիճարկվել:
Գվատեմալայից, Հոնդուրասից եւ Սալվադորից մոտ 7,5 հազար մարդ Մեքսիկայի տարածքով ԱՄՆ է գնում: Նրանց մեծամասնությունը Մեքսիկա է եկել ապօրինի եւ առայժմ անտեսում է երկրում իր կարգավիճակն օրինականացնելու Մեքսիկայի իշխանությունների պահանջը:




























