ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմ Մեթիսը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը «խախտում է տարածաշրջանի կայունությունը», փոխանցում է Associated Press-ը:

Նա այս մասին հայտարարել է շաբաթ Մերձավոր Արեւելքում միջազգային համաժողովի ժամանակ:

Ընդ որում՝ Մեթիսն իր պատասխաններում Սաուդյան Արաբիային անվանական չի նշել Խաշոգջիի սպանության հետ կապված, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին Ստամբուլում սաուդյան հյուպատոսարանում: Սակայն նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Washington Post-ի սյունակագրի սպանությանը խառնված բոլոր սաուդցիների վիզաները:

Նա նաեւ հայտնել է, որ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն:

Մեթիսն իր ելույթում Սաուդյան Արաբիային ուղղված ոչ մի ուղղակի մեղադրանք չի կատարել եւ չի հիշատակել կոնգրեսականների կոչերը Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումների դադարեցման կամ թագավորության դեմ որեւէ պատժամիջոց սահմանելու մասին:

«Խաղաղության մեր ընդհանուր շահագրգռվածության եւ մարդու իրավունքների անխախտ հետաքրքրության առկայությամբ դիվանագիտական ներկայացուցչությունում Ջամալ Խաշոգջիի սպանությունը պետք է բոլորիս վերաբերի»,- ասել է Մեթիսը:

«Միջազգային նորմերին հետեւելու որեւիցե ժողովրդի հրաժարվելը տարածաշրջանային կայունությունը խախտում է այն ժամանակ, երբ դա ամենից շատ է անհրաժեշտ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Washington post-ի մեկնաբան Ջամալ Խաշոգջին, որը 2017 թվականից ԱՄՆ-ում է բնակվում, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով: Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, սաուդցի միապետը հրաման է ստորագրել հետախուզության բարձրաստիճան սպաներին հեռացելու մասին: