Կանադայի Վանկուվեր քաղաքի ոստիկանությունը ծառայողական շների լուսանկարներով 2019 թվականի բարեգործական օրացույց է թողարկել: Եվ այն շատ լավն է ստացվել, հաղորդում է Bored Panda-ն:  

Օրինակ՝ սեւ ակնոցով շունը դուրս է  նայում  մեքենայի պատուհանից, սրճարանում սուրճի հետ փքաբլիթ է ուտում, կասկածյալ մոպսի հարցաքննություն է անցկացնում: Զարմանալի չէ, որ 15 դոլար արժողությամբ օրացույցը համացանցում այնպիսի իրարանցում է առաջացրել, որ կայքը ժամանակավորապես դադարել է աշխատել:

«Լուսանկարներն արտացոլում են նրանց էությունը: Բրանդո շունը կյանքում էլ է այդքան լավը ինչպես այն նկարում, որտեղ նա ակնոցով է: Բեյլին պաշտում է տեղական սրճարանում ընդմիջել: Ջեքը լուրջ է վերաբերում իր աշխատանքին եւ կասկածյալների հարցաքննության ժամանակ միշտ հասնում է ճշմարտության բացահայտմանը», —հայտնել է Վանկուվեր քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Էն Մարի Կլարկը: Ստացված գումարը կուղղվի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ եւ մանկական հիվանդանոց: Ի դեպ, օրացույցի հրատարակության 14 տարիների ընթացքում հաջողվել է 200 000 դոլար հավաքել: