ԱՄՆ Քենթուքի նահանգի բնակիչ Բրայան Գոլդբախը 5 տարեկան որդուն Հելոուինին հագցրել Հիտլերի կոստյումը եւ դարձել է քննադատության թիրախ։ Անհաջող հագուստի պատմությունը ներկայացնում  է «Լենտան»՝ վկայակոչելով Daily Mail-ին։

Գոլդբախը Facebook-ում հրապարակել է լուսանկար, որում ինքն ու որդին պատրաստվում էին Հելոուինին։ Երեխան հագին ունեցել է Հիտլերի հագուստը, ինքը՝ Գոլդբախը կանգնած է կողքին ՍՍ-ի («պահնորդական ջոկատներ») սպայի կերպարով: Գրառման մեջ տղամարդը պատմել է, որ մարդիկ սպառնացել են պատռել հագուստը տղայի վրայից, վիրավորանք են հնչեցրել տղայի հասցեին եւ վախեցրել նրան։

«Մեր ընկերները գիտեն, որ մենք սիրում ենք պատմությունը եւ հաճախ տարբեր պատմական անձանց կերպարներով ենք հանդես գալիս։ Մենք երեկոյան մարդկանց տեսանք մոլագարի, սերիական մարդասպանների եւ դեւերի կերպարներով։ Ոչ ոք աչքն էլ չթարթեց։ Սակայն մեր պատմական զգեստները ոչ միայն ծիծաղի, այլ նաեւ իրական սպառնալիքների պատճառ դարձավ»,-պատմել է տղամարդը։

Սոցցանցերի օգտատերերը չեն սատարել նրան եւ քննադատել են բռնապետի կերպարը՝ Գոլդբախին ռասիստ եւ վախկոտ անվանելով։ Ավելի ուշ տղամարդը ներողություն է խնդրել՝ պարզաբանելով, որ զգեստի շուրջ ինչպես պետք է չի խորհել։