Գերագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ամփոփեց կառույցի վեց ամսվա աշխատանքը:
«Ես նախկինում էլ ասել եմ, որ մենք ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն: Ավելի մոտիկից ծանոթությունը ցույց տվեց, որ իրավիճակը նույնիսկ ավելի վատ է, քան հեռվից թվում էր», - հոկտեմբերի 29-ի ասուլիսում այս մասին հայտնեց Գերագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նա երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի Սահմանադրական դատարանը:
Նրա խոսքով, առաջին խնդիրը մրցակցային արդարադատության ստեղծումն է: Պատկերը հատկապես տխուր է մարզերում, որտեղ սուբյեկտիվ գործոնը առավելագույնս է դրսեւորվում: Գործերը չեն բաշխվել մրցունակության սկզբունքով, իսկ դատարանի նախագահն իր սուբյեկտիվ մոտեցումով է գործեր տվել այս կամ այն դատավորին: Դա մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը. «Մենք փորձեցինք օպտիմալացնել կառուցվածքը, եւ բաշխումը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով», - ասաց Հարությունյանը:
Այնուհետ Հարությունյանը նշեց, որ էլեկտրոնային արդարադատության ներդրումը զրոյական մակարդակի վրա է:
Առաջին քայլերը փորձարկվել են 2008-ին, երբ էլեկտրոնային բաշխում էին ներդնում, սակայն հետո գոծընթացը չի շարունակվել: Խոսելով դատարանների ծախսերի մասին Հարությունյանը նաեւ դժգոհություն հայտնեց դրանց արդյունավետությունից: Այսպիսով, վարչական դատավարության բնագավառում ծախսերի միայն 23 տոկոսը բաժին է ընկնում փոստին:
Հոլանդիայում, օրինակ, բոլոր հարակից ծախսերը մոտավորապես 11 տոկոս են կազմում: «Եթե մենք փորձեինք աղավնափոստով կապը կարգավորել, ապա ավելի արդյունավետ կլիներ», - ասաց Գագիկ Հարությունյանը: Աշխատանքի վերահսկողության բարելավման նպատակով հունվարի 1-ից դատարանների գործունեության մոնիթորինգի համակարգ, գործերի քննության ժամանակահատվածի նվազեցման եւ դատավորների արդար գնահատման մեթոդ կներդրվի:
Հարությունյանի խոսքով, դատարաններում նաեւ գործերի արխիվացման խնդիր կա եւ այդ իմաստով դատարանները նման են նախապատմական հաստատություններին:
Գործերը հարկավոր է թվայնացնել, հիշեցրեց Հարությունյանը: Մյուս խնդիրը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթն է: Գագիկ Հարությունյանի խոսքով, քաղաքացիներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից դատավորների կողմից խախտումների մասին բազմաթիվ դիմումներ են ստացվել:
«Խորհուրդը չի կարող վարույթ իրականացնել: Սա կամ կարգապահական հանձնաժողովի կամ Արդարադատության նախարարության գործառույթն է: Մենք ոչ այնտեղից, ոչ էլ մյուս տեղից որեւէ պատասխան չենք ստացել», - ասաց Հարությունյանը` հավելելով, որ իր կարծիքով, նման մոտեցումը, երբ մեկ կառույցում կարգապահությունը կախված է մեկ այլ կառույցից, հակասահմանադրական մոտեցում է:




























