ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Չինաստանի հետ «հրաշալի» առեւտրային գործարք կնքելուն, բայց Չինաստանն առայժմ դրան պատրաստ չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստանը տնտեսապես մեր երկրից օգտվել է: Եվ դուք կտեսնեք, որ մենք կհաղթենք…Ես կարող էի գործարք կնքել թեկուզ հիմա, բայց նրանք առայժմ պատրաստ չեն»,- ասել է նա Fox News-ի եթերում:
«Կարծում եմ մենք Չինաստանի հետ հրաշալի առեւտրային գործարք կկնքենք: Նրանք մեզնից օգտվել են՝ ամեն տարի 500 մլրդ ստանալով: Այդպես կրկին չի լինի»,- հավելել է Թրամփը:
Նա նշել է, որ լավ առեւտրային գործարք կնքելու հույս ունի նաեւ Բրազիլիայի նոր կառավարության հետ:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմը սկսվել է, երբ հուլիսի 6-ին ուժի մեջ են մտել այս պետությունների միջեւ մաքսատուրքերի փոխադարձ մեծացումը:




























