Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը, որը 2014թ.–ի հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու դիմել էր Ադրբեջանին, օրերս գիրք է հրատարակել՝ նվիրված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գրքի տպագրությունը ֆինանսավորել է Իջեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Ավանդույթ» ՀՈԱԿ–ը։
NEWS.am–ի հետ զրույցում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ ՀՈԱԿ–ը դիմել է ավագանուն, որն էլ հաստատել է։ Նշենք, որ գրքի տպագրության համար տրամադրվել է 220 հազար դրամ։
«Սա առաջին դեպքը չէ, որ գրողներին ֆինանսավորում ենք։ Մենք շատերին ենք ֆինանսավորում, բա ի՞նչ անենք, չօգնե՞նք, որ մշակույթը, գիրն ու գրականությունը զարգանա Իջեւանում»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ չկա, Վարդան Ղալումյանն արձագանքեց, «Ոչ ես, ոչ ավագանին, ոչ իջեւանցին որբեւէ ոչ մեկին հաճոյանալու կարիք չունեն, որովհետեւ մենք շատ հպարտ ժողովուրդ ենք։ Քաղաքական ենթատեքստ չկա ու չի էլ եղել, մենք երբեք ոչ մեկին չենք հաճոյացել ու հիմա էլ չենք հաճոյանում»։
Հիշեցնենք, որ 2014թ.–ին մարզպետ դառնալուն պես Հովիկ Աբովյանն աշխատանքից ազատել էր Լյուբիկ Չիբուխչյանին։ Դրանից անմիջապես հետո Չիբուխչյանը հայտարարել էր, որ որոշել է հեռանալ Հայաստանից եւ ապաստան խնդրել Ադրբեջանից:




























