Ժիրոնդա դեպարտամենտից 72-ամյա Ժան-Ժակ Սավենը պատրաստվում է Ատլանտյան օվկիանոսը հատել մեծ փայտե տակառի մեջ, հայտնում է Le Parisien պարբերականը:
Թոշակառուն պետք է երեք ամիս լողարկի: Տակառը կլողա միայն քամու ուժի եւ ծովային հոսանքների հաշվին: Այն պետք է 5 հազար կմ անցնի Կանարյան կղզիների եւ Կարիբյան ավազանի միջեւ: Ներկայումս Սավենը փորձնական լողարկումներ է կատարում Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում Արկաշոն ծոցում:
Տակառը պատրաստվել է հատուկ պատվերով: Այն մասամբ նման է գլանաձեւ կոնտեյների, ներկված է վառ նարնջագույն, յուրաքանչյուր կողմում ոչ մեծ իլյումինատոր կա, իսկ վերեւում լայն քառակուսի դիտահոր, որը փակվում է թափանցիկ կափարիչով, ինչը թույլ է տալիս դիտումներ անցկացնել եւ չվախենալ, որ ջուրը ներս կլցվի:
Տակառի վերին մասում արեւային մարտկոցներ են տեղադրված: Ներսում ձախ կողմում մահճակալն է ամրացված, կենտրոնում է գտնվում էլեկտրոնային քարտեզը, աջ կողմում՝ մինիխոհանոցը: «Ստիպված եմ օգտագործել վակուումային չորացմամբ մեծ քանակությամբ ջրազրկված սնունդ,- նշել է Սավենը: - Սակայն իմ մոտ կլինեն հարպուն եւ կարթեր, իսկ տակառի վերեւի մասում նախատեսված է ցանցի համար ամրացման տեղ, որը կօգտագործվի թռչող ձկներ որսալու համար»:
Տակառում կլինի արբանյակային հեռախոս եւ էլեկտրոնային փարոս, որը թույլ կտա ցամաքից հետեւել օվկիանոսում տակառի տեղաշարժմանը:


























