Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է չնախատեսված հնգօրյա արձակուրդ վերցնել աշխատանքի լարված ժամանակացույցի հետեւանքով հոգնածության պատճառով, հայտնում է Franceinfo-ն:
Սրա հետ կապված նա հրահանգել է կառավարության ամենշաբաթյա նիստը մեկ օր շուտ անցկացնել, որն ավանդաբար Ելիսեյան պալատում տեղի է ունենում չորեքշաբթի: «Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո անցած 17 ամիսները արտակարգ լարված էին, եւ պետության ղեկավարի հոգնածությունը միանգամայն պատճառաբանված է»,- ասել է ռադիոկայանի աղբյուրը: Նրա խոսքով՝ Մակրոնը խիստ ռեժիմի է հետեւում եւ հաճախ 3 ժամից ավելի չի քնում:
Ֆրանսիայի նախագահը շաբաթ ամբողջ օրն աշխատել է Ստամբուլում, որտեղ անցկացվում էին Սիրիայի կարգավորման հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների բանակցությունները: Առաջիկա հանգստյան օրերին Մակրոնը Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի նախապատրաստման շրջանակում, որը նշվելու է նոյեմբերի 11-ին, պետք է երկարատեւ ուղեւորություն կատարի Ֆրանսիայի դեպարտամենտներում:
«Նախագահը պետք է մի փոքր հանգստանա: Նա մի քանի օր կանցկացնի ընտանիքի հետ, սակայն պետության ղեկավարի արձակուրդի վայրը չի հրապարակայնացվում»,- նշել է ռադիոկայանը՝ հստակեցնելով, որ դա չի լինի ո՛չ Վերսալում Լաթերն քաղաքամերձ նստավայրը, ո՛չ Նորմանդիայում նախագահական զույգի տունը:
Էմանուել Մակրոնը դեկտեմբերին կդառնա 41 տարեկան: Նա Ֆրանսիայի նախագահ է ընտրվել 2017 թվականի մայիսին՝ երկրի հետպատերազմական պատմության մեջ դառնալով պետության ամենաերիտասարդ ղեկավարը: Նա ակտիվորեն զբաղվում է սպորտով եւ խաղացել է Ֆրանսիայի վարչակազմի Ազգային դպրոցի ֆուտբոլային թիմում: Հայտնի է նաեւ, որ Մակրոնը բռնցքամարտով է զբաղվում, որով նույնպես հրապուրվել է ուսանողական տարիներից:




























