Առողջական խնդիրների հիմքով համաներում կիրառելու նախադեպ չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, խորհրդարանում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Պատգամավորը նախարարի պաշտոնակատարին տեղեկացրեց, որ օրեր առաջ է այցելել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ դատապարտյալներից շատերը հայտնել են, որ ունեն առողջական խնդիրներ ու կցանկանային համաներումով ազատ արձակվել. «Օրինակ, 34–ամյա մի երիտասարդ պատմեց, որ 10 տարվա ազատազրկման է դատապարտված, 9 տարին արդեն լրացել է, մնում է մեկ տարին, մի աչքը վնասված է, չի տեսնում, ունի այլ առողջական խնդիրներ։ Պարոն Զեյնալյան, արդյոք առողջությունը որպես կարեւորագույն արժեք դրվե՞լ է համաներման հիմքում, թե ոչ»։

Արտակ Զեյնալյանը նշեց, որ համաներումով նման նախադեպ չկա, սակայն, առողջական խնդիրների հիմքով անձը կարող է ազատ արձակվել. «Ձեր ասածը կոնկրետ թեմա է, համաներման կոնտեքստում չենք կարող դիտարկել այն։ Այս դեպքում պայմանական վաղաժամկետ ազատումը պետք է որ գործի, բայց կոնկրետ պատասխան տալ չեմ կարող»։