Նախկինում իրականացված որեւէ համաներում չի համեմատվում այս համաներման ծավալների հետ, սա ամենաընդարձակն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ԱԺ–ի դիմաց բողոքի ցույց իրականացնող անձանց այն պնդումներին, թե այս համաներումն ամենեւին էլ աննախադեպ չէ։
«Մենք ունենք համեմատական տեղեկանք 2009, 2011, 2013 եւ 2018 թվականների համաներումների ակտերի վերաբերյալ ըստ կետերի։ Նախկինում իրականացված որեւէ համաներում չի համեմատվում այս համաներման ծավալների հետ, սա ամենաընդգրկունն է, ամենաընդարձակն է, սա փաստաթղթավորված է, սրա հետ մարդիկ կարող են չհամաձայնել, բայց արդար կլինի չհամաձայնելը, եթե համեմատության մեջ գտնեն, որ մեր կատարած վերլությունը ճիշտ չի արված»։
Նախարարի պաշտոնակատարը շեշտեց՝ պետք է տարբերակել գործերի վերանայումը համաներումից։ «Մարդիկ կարող են համոզված լինել, որ իրենք արդար են, բայց մենք դատարանի լիազորություններ չունենք, դատարանի գիտելիքները չունենք, չպետք է ունենանք եւ չպետք է միջամտենք դատական ակտի կայացման ու արդարադատության իրականացմանը։ Եթե դատարան չենք, չենք կարող լինել անաչառ, դրա համար պետք է դիտարկել այս համաներումը հումանիստական ակտի լույսի ներքո»։
Զեյնալյանը հավելեց ՝ համաներումը համընդհանուր կանոնից բացառություն է եւ կառավարության համար դա ամենեւին էլ պարտականություն չէ. «Կառավարությունը մեծ սիրով է համաներում հայտարարում՝ հաշտեցնելու հասարակությանը, նաեւ զոհերի անունից է սա իրականացնում, որպեսզի այս ամենը լինի հավասարակշռված, չլինի անարդար զոհերի նկատմամբ»։
Նա շեշտեց՝ գոնե այն մասով, որ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատվում է պատժից, պետք է ընդունել, որ աննախադեպ է ՀՀ պատմության մեջ։
Անդրադառնալով Գեւորգ Կոստոանյանի դիտարկմանը, որ կա հանցավորության աճի վտանգ, նա ասաց. «Պարոն Կոստանյանը դատախազ է եղել եւ ունի գիտելիքներ եւ փորձ եւ ներկայացրեց, որ հանցավորությունը աճում է։ Այո՛, մենք այս ամենը նկատի ունեցել ենք, եւ այս չափով ենք կարողանում իրականացնել համաներում՝ հաշվի առնելով մեր ռեսուրսները, ոստիկանության, ԱԱԾ ռեսուրսները։ Մենք կոչ ենք անում, մարդկայնորեն դիմում ենք անձանց, ովքեր ներվելու են՝ ավելի ուշադիր լինել մարդկանց իրավունքների նկատմամբ։ Որպեսզի համաներում իրականաոցնողը՝ կառավարությունը, հանրությունը չփոշմանի համաներման համար, բոլորը պետք է իրենց հաշիվ տան, որ ներում են իրեն, որ այլեւս նման արարք թույլ չտա»։
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց՝ 24 ժամյա ռեժիմում կարող են ներկայացվել առաջարկություններ–փոփոխություններ, որոնք ենթակա կլինեն քննարկման, բայց համաներման ակտը կարող է դրվել քննարկման բացառապես կառավարության ընդունած տարբերակով, սա առանձնահատկություն ունի այլ օրենքների համեմատ։
Նշենք, որ համաներման մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 71 կողմ ձայներով:



























