Բրիտանիայի իրավապահ մարմինները տերերին են վերադարձրել չաու-չաու ցեղատեսակի շնիկին, որին 9 ամսով շնաբուծարան էին տեղափոխել ոստիկանին կծելու պատճառով, հայտնում է Նորթհեմփթոնշիր կոմսության ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չաու-չաու ցեղատեսակի շունը, որին ոստիկաններն առգրավել էին Վտանգավոր շների մասին օրենքի (Dangerous Dogs Act) հիման վրա, երբ երկու անգամ կծել էր ոստիկանության աշխատակցին, տերերին է վերադարձվել»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Sun պարբերականը հայտնել էր, որ շնիկին շնաբուծարան են տեղափոխել այն բանից հետո, երբ նա երկու անգամ կծել էր իրավակարգի պահապանի ձեռքը: Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանը փորձել էր շանը հանել մեքենայի տակից, որտեղ թաքնվել էր կորած ձեռնասունը: Շնիկի տերերին չէին հայտնել նրա գտնվելու վայրի մասին, եւ զույգը ստիպված էր փաստաբանների վարձել՝ ձեռնասունին ազատելու նպատակով պայքարելու համար:

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպից հետո համացանցում սկսվել է շնիկին ազատելու արշավ: Ակտիվիստները դատապարտել են ոստիկանների «անգութ եւ հրեշավոր միջոցները» եւ պահանջել «արդարացիորեն» «իր ընտանիք վերադարձնել ձերբակալված շնիկին»: