Վենեսուելայի 40 կին քաղաքացիներին փրկել են սեռական ստրկությունից: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Կոլումբիայի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բոգոտայում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 144 մարդ, այդ թվում Վենեսուելայի 5 քաղաքացի, գրում է Nacional-ը:
Գործողությունն անցկացվել է երեք ամիս շարունակ հետախուզական տվյալներ հավաքելուց հետո, նշել է Մարտինեսը:
Անօրինական բիզնեսի կազմակերպիչներին օգնել է Կոլումբիայի միգրացիոն ծառայության արդեն ձերբակալված աշխատակիցը:
Քննության համաձայն, կանանց մարմնավաճառության համար վարձել են Վենեսուելային սահմանակից Կուկուտա քաղաքում` սահմանը հատելուց անմիջապես հետո: Հետո նրանց տեղափոխել են Կոլումբիայի մայրաքաղաք, որտեղ պահել են ծանրագույն պայմաններում՝ ստիպելով գրեթե ամբողջ ժամանակ աշխատել:




























