Այս տարի կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար «Արի տուն» եւ «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերը չպետք է տեղի ունենային, քանի որ բովանդակային փոփոխությունների կարիք ունեին: Չնայած այն հանգամանքին, որ որոշ գրանցված մասնակիցներ արդեն գնել էին տոմսեր: Այս մասին նոյեմբերի 23-ի ասուլիսում հայտարարեց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
Նա նշեց, որ այդ մարդիկ չեն կարողացել վերադարձնել տոմսերը եւ նրանց համար ստիպված են եղել փոխզիջումների գնալ՝ իրականացնելով «Արի տուն» ծրագրի անցումային փուլը, որին 16 երկրներից մասնակցել են 136 պատանիներ եւ աղջիկներ:
Իրականացվել է նաեւ «Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ ընդգրկելով 24 երկրներից 400 մասնակիցների:
«Այս ծրագրի իրականացման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը առաջին անգամ թույլ է տվել մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, դրանով իսկ խնայելով տասնյակ միլիոնավոր դրամներ», - ասաց Հայրապետյանը:
Նա հավելեց, որ այս ծրագրերի իրականացման ընթացքում տարբեր միջազգային կառույցների հետ հինգ հուշագրեր են ստորագրվել:




























