ԱՄՆ-ի 45-ամյա քաղաքացի Փոլ Գոնսալեսը 120 օրով բանտարկվել է, քանի որ կանանց ժամադրում էր ռեստորաններում, իսկ հետո փախչում՝ առանց հաշիվը վճարելու:
Բացի իրական պատժից, ամերիկացին նաեւ 3 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Գոնսալեսին արգելել են նաեւ ծանոթությունների կայքերից եւ հավելվածներից օգտվել:
Դատավճիռը հրապարակել է Լոս Անջելեսի շրջանային դատարանը: Ըստ դատախազի, 2016-ի մայիսից մինչեւ 2018-ի ապրիլ Գոնսալեսը 10 կանանց ընդհանուր 950 դոլար գումարով խաբել է: Նրանցից 8-ը իրենք են վճարել հաշիվը: Մյուս երկուսի համար վճարել է ռեստորանը:
Զոհերից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, CBS Los Angeles-ին պատմել է, որ Գոնսալեսն իրեն ռեստորան է հրավիրել Փասադիանյում (Լոս Անջելեսի մերձակայք) եւ մեկ գավաթ գինի, մանր ծովախեցգետիններով «Կեսար» աղցան եւ ջեռոցում եփված կարտոֆիլ պատվիրել: Երբ տղամարդը ուտելիքի մեծ մասը կերել է, ասել է, որ պետք է զանգահարի եւ այլեւս չի վերադարձել:




























