Բրյուսելում դատական կատարածուները Բելգիայի մայրաքաղաքի արվեստի պատկերասրահներից մեկում ցուցադրված հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի մոտ 60 աշխատանքները, որոնք գնահատվում են 15 մլն եվրո, կալանավորել են: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է  փաստաբան Ստանիսլաս Էսքինազին:

Բենքսիի ստեղծագործությունների ցուցահանդեսի մասին նախկինում հայտարարել էր Strokar  Ժամանակակից արվեստի պատկերասրահը, որտեղ ցուցադրությունը պետք է ներկայացված լիներ մինչեւ դեկտեմբերի վերջը:

«Կատարածուներն իսկապես կատարել են ստեղծագործությունների վրա կալանք դնելու մասին դատարանի որոշումը, դատարան է դիմել իմ հաճախորդը՝ Strokar ասոցիացիան: Սա զգուշացնող միջոց է, որն առաջացել է ցուցահանդեսի շուրջ ստեղծված իրավիճակից», — ասել է փաստաբանը:

Նրա խոսքով, ավելի վաղ ցուցահանդես կազմակերպելու խնդրանքով Գերմանիայում գրանցված ընկերությունը դիմել էր պատկերասրահին, որը եւ ներկայացրել է 58 ցուցադրանմուշները, հավաստիացնելով, որ դրանք տեղափոխելու եւ ցուցադրելու իրավունք ունի:

 «Շաբաթվա սկզբին փաստաթղթեր են ստացվել Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերության կողմից, որը բողոքարկել է ցուցադրության իրավունքները, նշելով, որ իր հետ ոչինչ չեն համաձայնեցրել: Այս պահանջների հետ կապված, իմ հաճախորդը գերմանական ընկերությունից պարզաբանումներ էր խնդրել, եւ պարզվել է, որ աշխատանքները, մասնավորապես, պատշաճ ապահովագրված չեն», - ասել է փաստաբանը:

Նրա խոսքով, արվեստագիտության միջավայրում բավականին հաճախ լինում են իրավիճակներ, երբ տարբեր կողմերը արվեստի նույն ստեղծագործությունների համար իրավունքներ են վիճարկում, բայց այս իրավիճակում պատկերասրահը պարզապես տրամադրել է իր տարածքները:

Այսպիսով, թեեւ Վաթերլո խճուղում պատկերասրահը կշարունակի աշխատել, քանի որ այնտեղ ցուցադրվում են տարբեր նկարիչների ստեղծագործություններ, Բենքսիի ցուցահանդեսը փաստացի փակվել է, հավելել է փաստաբանը: