Իսպանիայի ոստիկանությունը բացահայտել է մոտ 6 մլն եվրոյի խարդախության դեպք եւ կալանավորել է 46 մարդու, ովքեր մահացած մարդկանց փոխարեն թոշակ են ստացել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ոստիկանությունը 53 հանցագործությունների մեջ կասկածանքով կալանավորել է 46 մարդու՝ տասը ինքնավար համայնքներից։ Նրանք փաստաթղթեր են կեղծել, խարդախություններ արել եւ անօրինական դրամական միջոցներ յուրացրել։
Կասկածյալների մեծ մասը մահացած թոշակառուների ընտանիքի անդամներ են, կան նաեւ ընկերներ եւ կենակիցներ։ Ոստիկանությունը հայտնում է, որ թոշակը ստանակու համար նրանք թաքցրել են թոշակառուների մահվան փաստը եւ կեղծել փաստաթղթերը, որոնք վկայել են, որ մարդը ողջ է։
Հանցագործներից մեկը 20 տարի անօրինական թոշակ է ստացել՝ իրեն 90-ամյա ծերունի ներկայացնելով։





























