Հայաստանի կառավարությունը Սեւանի խնդիրների լուծման ոչ մի ծրագիր չունի։ Այս մասին Սեւանի խնդիրների քննարկման շրջանակում հուլիսի 4-ին ասել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։
Նրա խոսքով՝ պետք է պահանջել, որպեսզի իշխանությունները ներկայացնեն պատասխանատու անձանց եւ մարմինների կոնկրետ ծրագիր՝ ռիսկերի գնահատմամբ։
«Բոլոր լուծումները կապված են հատվածային խնդիրների լուծման հետ, չկա ճանապարհային քարտեզ, չկա տեղեկատվություն այն մասին, թե որքան փող է պետք դրա համար»,- նշել է նա։
Փորձագետն ավելացրել է, որ մասնագետներին հաճախ մեղադրել են այն բանում, որ նրանք հասարակության շրջանում իզուր անհանգստություն են առաջացրել, եւ որ իրավիճակն այդքան էլ լուրջ չէ։
«Կարեւոր խնդիրների մեջ կարելի է առանձնացնել Սեւանից ջրառը ջրամբարներ, որտեղ իշխան ձուկ են բազմացնում։ Այլ խնդիր է տեղեկատվության բացակայությունն այն մասին, թե քանի գետ է հասնում Սեւան։ Առանց այս տվյալների անհնար է խոսել գետերի եւ լճերի հավասարակշռության վերականգնման մասին։ Բացի այդ, բացակայում է մաքրման արդյունավետ համակարգը»,- պարզաբանել է նա։
Զարաֆյանը նշել է, որ չնայած անցած տարի եւ այս տարի արդեն երկու անգամ նկատվել է լճի ծաղկում, սակայն 2018-ին եղել են հավաստիացումներ այն մասին, որ ֆոսֆորի խտությունը Սեւանում նորմի մեջ է։
«Պետք է ստեղծել աշխատանքային խումբ, ներկայացնել կոնկրետ առաջարկություններ իշխանություններին, քանի որ շուտով կարող են սկսվել անշրջելի գործընթացներ»,- ամփոփել է Ինգա Զարաֆյանը։





























