Հոնկոնգի միջազգային օդանավակայանում ցույցերի եւ համաքաղաքային գործադուլի պատճառով չեղարկել են հարյուրից ավելի ավիաչվերթներ, հայտնում են հոնկոնգյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանում կգործի միայն մեկ թռիչքա-վայրէջքային ուղի:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ներկայումս օդանավակայանում արդեն չեղարկվել են 100-ից ավելի թռիչքներ եւ վայրէջքներ, դրանք հիմնականում Cathay Pacific եւ Hong Kong Airlines ավիաընկերությունների չվերթներն են:
Օդանավակայանի ղեկավարությունը հրապարակված հայտարարության մեջ հայտնել է, որ երկուշաբթի տեղ գտած «հանգամանքները» կարող են անդրադառնալ օդանավակայանի աշխատանքի վրա, եւ ուղեւորներին խորհուրդ է տվել օդանավակայան գալ միայն այն ժամանակ, երբ նրանց չվերթի ժամը հաստատվի:
Երկուշաբթի առավոտյան ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, ինչպես նաեւ խափանել են ռելսային տրանսպորտի եւ ավտոբուսների երթեւեկությունը, որպեսզի կառավարությանը հարկադրեն կատարել իրենց պահանջները: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են խոչընդոտել քաղաքի բնակիչներին հասնել բիզնես շրջաններում տեղակայված աշխատավայրեր:
Ակցիայի քննադատները հայտարարում են, որ բիզնեսի բոլոր ոլորտների՝ ռեստորաններից մինչեւ ավիացիա, աշխատանքի այսպիսի մեծածավալ խափանումը ահռելի վնաս կհասցնի Հոնկոնգի հեղինակությանը, որը հպարտանում է իր կայունությամբ եւ ծառայությունների համաշխարհային մակարդակով:
Ցուցարարների պահանջները չեն փոխվել. նրանք հանդես են գալիս արտահանձնման մասին օրինագծում փոփոխությունները ամբողջական հետ կանչելու եւ ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունների քննություն անցկացնելու օգտին:




























