Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 27-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության պատվիրակությանը՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորությամբ, որը Երեւանում է պաշտոնական այցով։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակություն է հայտնել հայ-շվեդական հարաբերությունների դինամիկայից՝ ընդգծելով, որ մշտական այցելությունները եւ հանդիպումները բարձր մակարդակով, ինչպես նաեւ Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան վկայում են այն նշանակության մասին, որը երկու երկրները տալիս են երկկողմ օրակարգին։ Այս համատեքստում կողմերն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը եւ դրա պոտենցիալը հայ-շվեդական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման գործում։
Նախարար Մնացականյանը ներկայացրել է շվեդական պատվիրակության անդամներին ներքաղաքական զարգացումները, կառավարության իրականացրած բարեփոխումները՝ հատկապես առանձնացնելով դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինի հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը, ինչպես նաեւ անկախության եւ անկողմնակալության ապահովումը։
Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց Շվեդիայի ակտիվ աջակցությունն ազգային գերակայությունների առաջմղման եւ ամրապնդման գործում։



























