ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման գործում Երեւանի դերը շատ կարեւոր է եւ լուրջ: Այս մասին «երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ եթե ԵՏՄ-ն որեւէ պետության կամ ինտեգրացիոն միավորման հետ առեւտրային պայմաններ է հաստատում, ապա բնական է, որ դա շահավետ թե պետությանը, թե Միությանը: «Պատահական չէ, որ Իրանի հետ համաձայնագրի գործընթացը նախաձեռնել է հենց Հայաստանի Հանրապետությունը: Մենք գրավոր դիմում ենք ներկայացրել, եւ գործընթացը սկսվել է: Մենք լուրջ դեր ենք ունեցել այդ համաձայնագրի կնքման գործում»,- նշեց նա:
Շավարշ Քոչարյանն այդ համաձայնագիրը հատկապես կարեւոր է համարում Հայաստանի համար, քանի որ հանրապետությունը ԵՏՄ միակ անդամ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ:
Նշենք, որ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը սկսել է գործել 2019 թվականի հոկտեմբերի 27-ից:





























