2019 թվականը միայն անորոշությունն ավելացրեց ղարաբաղյան հիմնախնդրում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշման մեջ: Դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Կարծիք կար, որ վարչապետը շարունակում է առաջին նախագահի քաղաքականությունը: Իմ կարծիքով՝ այդպես չէ: Առաջին նախագահն անչափ անկեղծ արտահայտվեց: Դա քաղաքական կոպիտ սխալ էր, բայց նա անկեղծորեն ասաց Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով Ղարաբաղի մնալուն համաձայնության մասին: Մենք վարչապետի մոտ այսպիսի որոշակիություն չենք տեսնում»,- նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ երբ առաջին նախագահն այս մասին ասաց պատերազմի թեժ շրջանում, հատուկ ուշադրություն չդարձրին: Բայց երբ նա դա կրկնեց 1997 թվականին հայտնի հոդվածում, դա նշանակեց պարտադիր հրաժարական: «Սա հրաշալի հասկանում է գործող վարչապետը: Եթե անգամ նա ինչ-ինչ պատճառով կողմնակից կամ համաձայն է մոտեցմանը, որի համաձայն Ադրբեջանը չի համաձայնվի կարգավորմանը հայտնի պայմաններում, նույնքան հստակ չի արտահայտվի, ինչպես առաջին նախագահը»,- կարծում է Լարիսա Ալավերդյանը: Այս հանգամանքը, ինչպես նաեւ Ադրբեջանի հստակ արտահայտված դիրքորոշումը բացասաբար են անդրադառնում հայ հանրության վրա, հընթացս աճում է ատելությունն ու անհանդուրժողականությունը, ինչը նախկինում չի եղել:

«Բայց նրանց շարքում, ովքեր զբաղված են իրենց ամենօրյա հոգսերով, միշտ կլինի սրտացավների անհրաժեշտ թվաքանակ։ Նրանք կստանձնեն պատմական շարունակման եւ զարգացման խնդիրը։ Բայց գինն ամեն անգամ ավելի բարձր կլինի, քան եթե երկրի պետական այրերը լինեն ավելի ազնիվ սեփական ժողովրդի հետ։ Ներողություն, բայց ես սա պետք է ասեմ։ Ավելի անկեղծ լինենք ինքներս մեզ հետ այն իրավիճակում, որում հայտնվել ենք»,- առաջարկեց առաջին օմբուդսմենը։ Պատասխանելով «Ղարաբաղը Հայաստան է» ձեւակերպման թույլատրելիության մասին հարցին՝ Ալավերդյանը նշեց, որ պատմական առումով դրանում ոչ մի նոր բան չկա, իսկ ահա քաղաքական իմաստով լի է խնդիրներով։ «Իսկ ո՞վ չգիտի, որ վերջնանպատակը միասնությունն է քաղաքական հարթությունում։ Բայց այժմ դա միայն հաստատում է կարծիքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի մասին։ Եվ այն առաջ կբերի միջազգային հանրության ուղղակի դատապարտումը։ Դա անգամ քաղաքական ռոմանտիզմ չէ, այլ կոպիտ սխալ։ Ոչ ոք, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ-ն, չի համաձայնի դրան»,- նշեց Ալավերդյանը։

Խոսելով հնարավոր փուլային տարբերակի կամ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման մասին՝ Ալավերդյանն ընդգծեց, որ Արցախի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ցանկացած փաստաթուղթ ոչ մի իրավական նշանակություն չի ունենա։ Իսկ եթե վարչապետն իրեն թույլ տա համաձայնել մի ինչ-որ բանի, ինչի մասին խոսում էր առաջին նախագահը, դա կլինի նրա վերջին հայտարարությունը վարչապետի դերում։ «Այլ բան է, որ դա ուղղակի չհայտարարելով՝ տակից թուլացնում է հասարակությունը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հողերը (ազատագրված տարածքները- խմբ.) Ղարաբաղինն են ոչ այն պատճառով, որ այնտեղ արյուն է հեղվել, այլ որովհետեւ դրանք պատմականորեն պատկանում են Արցախին։ Որպես այլ բացասական հանգամանք առաջին օմբուդսմենը նշեց պատգամավորական կորպուսի համատարած անիրազեկությունը ղարաբաղյան պրոբլեմատիկայի մասին։ «Նախկինները տեղեկացված էին, եւ նորից շատ բանի չհասան, իսկ սրանք առհասարակ չգիտեն։ Սա մեծ սպառնալիք է»,- փաստեց Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը շարունակում է պասիվ քաղաքականությունը՝ պատասխանելով հակառակորդի հարձակումներին։ Անգամ արտաքին գործերի նախարարի՝ բուռն հիացմունք առաջացրած վերջին ելույթը նույնպես խաղ էր սեւերով, ի պատասխան ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարությունների, նշեց նախկին օմբուդսմենը։

Չնայած այս ամենին՝ Լարիսա Ալավերդյանը լավատեսորեն է տրամադրված։ «Բայց լավատեսությունը հիմնված է հայության բնավորության վրա։ Մենք այլեւս չպետք է ենթարկվենք ճնշման ոչ մի ձեւով»,- կարծում է Ալավերդյանը։