Մասիսի շրջանի Դարակերտ գյուղի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքեց լուրերը, թե գյուղի տարածքում դեղահումք ստանալու նպատակով օձաբուծարան է հիմնվելու։
«Նման բան չկա, դա բացարձակ սուտ է։ Ուղղակի տարածքը Երեւանի մի քաղաքացի է գնել եւ մտադիր է բետոնե կոնստրուկցիաների եւ «պեմզաբլոկի» արտադրությամբ զբաղվող գործարան հիմնել, այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում»,- հավաստիացրեց նա։
Նշենք, որ մամուլում տեղ գտած մի հրապարակման համաձայն՝ Մասիսի շրջանի Դարակերտ գյուղի մոտ արդեն մեկ ամսից ավելի նախապատրաստական աշխատանքներ են տարվում` մեծ շինարարություն սկսելու համար։
Պարբերականի տվյալներով, գյուղի բնակչությունն անհանգստացած է, նրանց ականջին հասել է, թե գյուղում ասֆալտի գործարան է կառուցվում, եւ մարդիկ համոզված են, որ դա կվնասի գյուղատնտեսությանը: Ոմանք էլ խոսում են, թե այդ տարածքում, որտեղ, ի դեպ, ավազի հանք է եղել, նախատեսում են մեծ «ակվարիումներ» հիմնել եւ դեղահումք ստանալու նպատակով օձեր բուծել:
Բնակիչները խոսում են նաեւ, թե տարածքը գնել է ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը:





























