Հայ ազգային կոնգրեսն իր գոյության ընթացքում թույլ է տվել մի շարք գռեհիկ սխալներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 5-ին հայտարարեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը նախագահական ընտրություններից հետո այդպես էլ չկարողացավ գրագետ, հսարակությանը հուզող կարգախոսներ առաջարկել եւ բավարարվեց ընդամենը մի քանի «դատարկահաչ» պահանջ-կարգախոսներով` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացվելու թույլտվություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի «նոր ռազբորկաներ»:

«Երեք էլ ժամանակավրեժ, երեքն էլ կործանարար, երեքն էլ բացարձակ քաղաքական բովանդակություն չունեցող կարգախոսներ»,-նկատեց Հակոբյանը: Ըստ նրա`ՀԱԿ-ը մարտի 1-ի բացահայտում է պահանջում մի մարդուց, որի «իշխանագողության» համար է տեղի ունեցել մարտի 1-ը: Բացի այդ, ըստ նրա, Ազատության հրապարակը ի՞նչ կապ ունի նոր տնտեսական քաղաքականության եւ Արցախյան հարցի նոր դիվանագիտական հայեցակարգի հետ:

Մարքսիստի ներկայացմամբ, ՀԱԿ-ն իր ասելիքը կարող էր արտաբերել նաեւ այլ  հարթակից, «եթե իհարկե ասելիք ուներ», եւ երրորդ` քաբանտարկյալ ունենալ-չունենալը չպետք է պատճառ դառնա, որպեսզի ՀԱԿ-ն իր դիրքորոշումը հայտնի իշխանության նկատմամբ:

Հակոբյանի խոսքով` ՀԱԿ-ն անդրկուլիսյան բանակցությունների է գնում այն իշխանությունների հետ, որը նոր տնտեսական քաղաքականության որդեգրման առումով իմպոտենտ է: Եւ թեեւ հայտնի չէ, թե խոստումներ է  տվել իշխանությունը ընդդիմությանը, սակայն իշխանությունն, ըստ մարքսիստի, հասավ նրան, որ հրապարակավ հայտարարեց, թե իբր երկու կողմերը հաշտեցման ձեռք են մեկնել միմյանց:

«Ինչի՞ շուրջ` երեք դատարկահաչ, ազգի արդիական վիճակը չներկայացնող կարգախոսների շուրջ»,-նկատեց Հակոբյանը: Նա ընդգծեց, որ այդ կոմպրոմիսը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի ամիս է մնում մինչեւ հերթական ընտրությունների անցկացումը:  Այսպիսով, ըստ Հակոբյանի, իշխանությանը հաջողվեց զրկել ՀԱԿ-ին իր կրիտիկական էլեկտորատից: