Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացարձակապես անգործության է մատնված: Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` խոսելով վարչապետի վերջին` ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հնչած ելույթի մասին:

«Դա խայտառակություն էր, ելույթ էր ունենում` ծոծրակը քորելով եւ էրեխեքին սովորեցնում էր, որ կաշառք չտան դասախոսներին ու ասում էր, թե դասախոսներն էլ են մեղավոր, ուսանողներն էլ: Գնացել էր էրեխեքի վրա հանցակազմ բարդելու, ոչ թե նրանց նոր տնտեսական դոկտրինա մատուցելու»,-նկատեց Հակոբյանը: Նա նաեւ նկատեց, որ վարչապետը ժակետը հագին գյուղ է գնում, նստում ծառի տակ եւ հայտարարում, թե կովերի կրծքերը պետք  է կթելուց առաջ լվանալ եւ կաթնատվությունը բարձրացնելու մասին «բոլշեւիկյան» նոտացիաներ կարդում:

«Բա կերի նյութատեխնիկական բազայի հարցը պետությունը ո՞նց պետք է լուծի, կովին կոմբիկորմով ո՞վ պիտի ապահովի»,-հարց ուղղեց Հակոբյանը: Նա նաեւ անդրադարձավ վարչապետի` ագրարային տնտեսությանը խրախուսելու մասին հայտարարությանը, այն համարելով գիտական հիմնավորումներից զուրկ:

«Առ այսօր անհայտ է, թե ով պետք է լինի ագրարային սուբյեկտը` մասնավոր ա՞նձը, կոլեկտի՞վը, վերամշակող ձեռնարկությո՞ւնը թե՞ որեւէ մեկը»,-նշեց մարքսիստը:

Նրա խոսքով, թե’ տնտեսության, թե’ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնահարցի ոլորտների վերաբերյալ պետությունը չունի գիտական հայեցակարգ:    

Հակոբյանն, ի դեպ,  ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին անցյալ շաբաթ նամակ է գրել, որում Գյուլիստանի պայմանագիրը ներկայացրել է որպես նոր դիվանագիտական դոկտրինայի հիմք: Մարքսիստը նշեց, որ Հայաստանի իշխանություններին պարբերաբար առաջարկում է նոր տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր պոստուլատները, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվում, քանի որ «ականջ անող չկա»: