Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դեռեւս չի տեղեկացրել, թե Կառավարությունը ինչպես է տեսնում ջերմոցային տնտեսության զբաղվողների խնդիրների լուծումը: Մինչդեռ նա խոստացել էր այդ մասին տեղեկացնել հենց ցույցի օրը`մայիսի 2-ին մինչեւ երեկո: NEWS.am-ը պարբերաբար զանգահարում էր  Արմեն Մարտիրոսյանին` ճշտելու, թե Կառավարությունից որեւէ պատասխան ստացե՞լ են, թե` ոչ: «Ըստ ինձ հասած տեղեկության, որն ինձ ասել են մեր տնտեսվարողները, այս երկու օրերի ընթացքում պոմիդոր չի ներկրվել, որովհետեւ մոնիտորինգ են անում եւ վերջին 2 օրերի ընթացքում մի փոքր վիճակը կայունացել է: Թե որքան կշարունակվի այս վիճակը, չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Կառավարության շենքի մոտ մայիսի 2-ին ակցիա են անցկացրել ջերմոցային տնտեսությամբ, մասնավորապես` լոլիկի արտադրությամբ զբաղվող մոտ 30 ձեռներեց, որոնք բողոքում են Թուրքիայից չմաքսազերձված բանջարեղենների ներմուծման դեմ:  «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով` նրանց թիվ մեկ խնդիրը  ոչ հավասար մրցակցային դաշտն է, որի հետեւանքով Թուրքիայից բերված լոլիկը ավելի էժան է, իսկ մեր տեղական արտադրանքն արդեն մրցունակ չէ: Երկրորդ խնդիրը կապված է էներգիայի ու գազի օգտագործման հետ:

«Խնդիրն այն է, որ այն ծավալի գազը, որ իրենք օգտագործում են, դրան ավելանում են նաեւ տոկոսներ: Գազի վրա 20 տոկոս ավելացած արժեքի հարկը, ըստ նրանց,  պետք է հանվի, որովհետեւ պատրաստի արտադրանքի վրա միեւնույն է ավելացված արժեքի հարկը ավելանում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Կա նաեւ մեկ այլ խնդիր`տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը վարկեր է վերցրել ջերմոցներ սարքելու, օգտագործված գազի գումարը փակելու համար եւ նրանք խնդրում են, որ վարկի մարման ժամկետը երկարաձգվի, բայց տուգանքներ չավելանան: «Ժառանգության» պատգամավորի ներկայացմամբ, իրենք խնդիրը ներկայացրել են Կառավարությանը. եւ աշխատակազմի ղեկավարը պետք է մինչեւ օրվա ավարտ զանգի իրեն եւ ասի, թե որոնք են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիները: