Թերթը գրում է, որ ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը ոգեկոչում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, եւ աշխարհի տարբեր երկրներում` Թուրքիան ներառյալ, 1,5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էին կազմակերպվում, հանկարծ Դիարբեքիրից ոչ հեռու, Բաթմանի Կոզլաք գավառում, զորացրվելուց 23 օր առաջ սպանվեց թուրքահայ զինծառայող Սեւակ Շահինը: Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ ապրիլի 27-ին, Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում:

Մայիսի 5-ին BIA լրատվական գործակալությունը, վկայակոչելով հանգուցյալ Սեւակի ընտանիքի դատապաշտպան Ջեմ Հալավուրթին, մասամբ հաստատեց մեր կանխագուշակումը: Պարզվում է` Սեւակի այսպես կոչված ընկերը, որի իբր պատահական կրակոցից սպանվել է Սեւակը, Քըվանչ Աղաօղլուն է, հարում է ուլտրաազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցության հրոսակներին այնպես, ինչպես «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Յասին Հայալը, որն անդամագրվել էր այս կուսակցությանն առընթեր գործող «Ալփերեն» օջախների Տրապիզոնի մասնաճյուղում:

Այս ամենի առումով հատկանշական են Սեւակի ընտանիքի դատապաշտպան Ջեմ Հալավուրթի խոսքերը, որը մայիսի 1-ին եղել էր զորամասում: Նա, ըստ BIA գործակալության, ընդգծել է. «Ոքան էլ միջադեպը համարվի «դժբախտ պատահար», հավանական է, որ սպանություն լինի»:

Դատապաշտպան Հալավուրթը, հիմնավորելու համար իր ենթադրությունը, հետեւյալ փաստարկներն է բերել.

«Կասկածյալ Աղաօղլուի ֆեյսբուքն ուսումնասիրելիս տեսանք, որ նա համակրում է «Մեծ միասնություն» կուսակցությանն ու թուրք-իսլամական սինթեզի կողմնակիցն է:

«Դժբախտ պատահարի» վարկածը մեզ չի բավարարում, որքան էլ մեր ուսումնասիրության ընթացքում միջադեպի վկաներն այդպես ներկայացնեն.

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11.00-ին, իսկ զորամասում վկաներին լսել են 18.00-ին միայն.

Ի վերջո, զորամասում գործում է վերադաս-ստորադաս համակարգը.

Ականատեսների վկայությունները իրարամերժ են, հետեւաբար մենք հավանական ենք համարում, որ այս միջադեպը ապրիլի 24-ին հատուկ ծրագրված սպանություն լինի»: