Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն ակնհայտ է եւ դրա շուրջ առանձնապես խորը վերլուծություններ չարժե անել. երկխոսության հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի մղումն է՝ ընտրություններից առաջ երկրում հանգիստ մթնոլորտ ապահովել։ Մայիսի 6-ին տեղ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայատարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Գլխավոր բռնապետն անում է ամեն բան, որպեսզի մինչեւ 2012 թվականի նախագահական ընտրություններ, այսինքն՝ իր վերարտադրվելը, Հայաստանում անցնցում մթնոլորտ ապահովվի։ Իր բուրգում կարգուկանոն հաստատելուց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ուր որ պետք է տանելուց հետո Սերժ Սարգսյանն այժմ անցել է ընդդիմադիր դաշտի հետ լեզու գտնելուն։ Սակայն Հայ ազգային կոնգրեսը չի գիտակցում, որ իշխանությունների հետ համագործակցության գնալով մինչեւ հերթական նախագահական ընտրությունները մի ստվար ընտրազանգված է կորցնելու։ Իսկ Սերժ Սարգսյանին դա էլ հարկավոր է՝ չեզոքացնել բողոքավոր զանգվածին, ում համար ընդդիմությունն աստիճանաբար աչքի փուշ է դառնում»,- համոզմունք հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը։
Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունների հետ գործարքի գնալու պատճառներից մեկն էլ այն է, որ ՀԱԿ-ի անդամներից շատերը հոգնել են հալածյալի կարգավիճակում գտնվելուց։
«Ակնհայտ է նաեւ, որ մարտի 1-ի գործով անազատության մեջ պահվողներին (ովքեր իրականում պատանդներ են), ազատ արձակելու դիմաց իշխանություններն ընդդիմությանն ինչ-որ բան են պարտադրել»,- հավելեց Սեֆիլյանը։
Ամփոփելով՝ նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունն իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ պետք է քննարկեր միայն մեկ հարց՝ իշխանությունների կապիտուլյացիան։ «Բայց ինչ էլ լինի, գալու է մի պահ, երբ ժողովուրդը ռադ է անելու սրանց»,- իշխանություններին նկատի ունենալով ընդգծեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը։
Նշենք, որ հակառակ իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին շրջանառվող լուրերի՝ երկու կողմերը համառորեն շարունակում են պնդել, որ իրենց միջեւ պայմանավորվածություններ չկան։ Փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ գնում է «բաց դիալով հասարակության եւ իշխանությունների միջեւ»:





























