Քիչ առաջ Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 3,5 տարվա ազատազրկման դատապարտել քրեական հեղինակություն համարվող «Նորագյուղի Ավետի» ազգական Կարեն Խաչատրյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, դատարանը որոշեց խափանման միջոց չընտրել կալանքը, ինչը նշանակում է, որ մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, Կարեն Խաչատրյանը կմնա ազատության մեջ:
Նշենք, որ մեղադրող կողմն առաջարկել էր Կ. Խաչատրյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ քրեական հեղինակություն համարվող «Նորագյուղի Ավետի» ազգական, «Արցախ» բանկի աշխատակից Կարեն Խաչատրյանն այս տարվա հունվարի 3-ի երեկոյան Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկված 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանը (Կարեյան) «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW X5-ի երիտասարդ վարորդին: Նրան տեղափոխել էին բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
Պարզվել էր, որ նա մեքենան վարել է անսթափ վիճակում:Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























